Նուռը ուսանողների համար

Նուռը ուսանողների համար

Հայ-ֆրանսիական ինժեներական ինստիտուտը  դեկտեմբերի 1-ին հյուրընկալել էր հայտնի նկարիչ-դիզայներ Նուռին (Արման Դավթյան): Հանդիպումը կազմակերպվել էր «Բաց հարթակ» ազատ քննարկումների ակումբի շրջանակներում, որն էլ, ըստ էության նախատեսված է հենց այսպիսի ազատ ձևաչափով հանդիպումների ու քննարկումների համար` հարթակ դառնալով ուսանողների համար մշտապես իրազեկվելու իրենց մասնագիտական ոլորտի նորությունների, խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ` ոլորտի լավագույն մասնագետների ու ներկայացուցիչների հետ հանդիպումների և քննարկումների միջոցով:

Իր ինքնատիպ դիզայներական լուծումներով աշխարհին վաղուց հայտնի Նուռը, որի ստեղծագործությունները հպարտությամբ կրում են այնպիսի հայտնիություններ, ինչպիսիք են Մադլեն Օլբրայթը, Մայա Պլիսեցկայան, Ջեռռոն, Շերը, Անդրե Աղասսին և էլի շատերը (ցանկը բավականին մեծ է ու տպավորիչ), սիրով համաձայնեց հանդիպել ուսանողների հետ` նրանց հետ կիսելու իր մասնագիտական գաղտնիքներն ու յուրօրինակ մոտեցումները:  «Իմ առաջնահերթ խնդիրն է՝ պատանիների մեջ արթնացնել իրենց մասնագիտության հանդեպ սերը: Եթե կարողանաս «բացել» այդ սիրո զգացմունքը, նրանք հաճույք կստանան իրենց մասնագիտությունից և գիտելիքներից: Միայն այդ դեպքում ինքնուրույն կսովորեն եւ տարբեր աղբյուրներից ու դասախոսներից գիտելիքներ կքաղեն: Որքան էլ բուհն ու դասախոսները լավը լինեն, եթե երեխան չի սիրում մասնագիտությունը, զոռով սովորեցնել ոչ մեկ չի կարող, տեր Թոդիկի դպրոցը չէ», -նշեց Նուռն իր խոսքում : Եվ, պետք է խոստովանել, որ նա լուծեց իր առջև ի սկզբանե դրած խնդիրը` ուսանողների մեջ ոչ միայն արթնացնելով սեր իրենց մասնագիրության նկատմաբ, այլ ոգեշնչելով` աշխատել ավելի, ձգտել ավելիին, լինել համառ և լինել ավելին…

Հայ-ֆրանսիական ինժեներական ինստիտուտը շնորհակալություն է հայնտում Նուռին` բարձր գնահատելով վերջինիս  ջերմ արձագանքն  ու պատրաստակաումությունը` հանդիպելու ուսանողների հետ :

No Comments

Post a Reply